Վերջին շաբաթներին հանրության ուշադրությունը գրավել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջայցերի ընթացքում արված բազմաթիվ կադրերը, որտեղ նա տարբեր համայնքներում մեծ ախորժակով օգտվում է տեղացիների կողմից պատրաստված հյուրասիրություններից։ Տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը պարզապես մոտենում է պատահական սեղանին և ճաշակում այն, ինչ այդ պահին առաջարկում են քաղաքացիները։ Սակայն իրականությունը շատ ավելի բարդ է, քան թվում է։

Իրականում, յուրաքանչյուր սեղան, որտեղ վարչապետը նախատեսվում է հյուրասիրվել, անցնում է մի ամբողջ «գաստրոնոմիական անվտանգության օպերացիա»։ Նախքան վարչապետի մոտենալը, սեղանը մանրակրկիտ ուսումնասիրվում է։ Ուտեստները զննվում են, գնահատվում է ոչ միայն դրանց անվտանգությունը, այլև դրանց տեղաբաշխումը, լուսանկարչական տեսանելիությունը և նույնիսկ այն, թե որ կողմից է առավել շահավետ կադրը։

Աղբյուրների համաձայն՝ միայն բոլոր փուլերն անցնելուց հետո է տրվում պայմանական «բարի ախորժակ» թույլտվությունը, և վարչապետը կարողանում է մոտենալ ժողովրդական սեղանին։

Այսպիսով, հենց Փաշինյանի ներկայացմամբ՝ «պերաշկի ուտող վարչապետի» կերպարը վաղուց արդեն վերածվել է յուրատեսակ քաղաքական բրենդի, որտեղ նույնիսկ ամենահասարակ պատառը նախապես անցնում է անվտանգության և հանրային կապերի ֆիլտրերով։ Այսինքն՝ բեմադրվում է նաև ճաշացանկը։