Categories: Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովում կայացավ Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողով

Փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկեց Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովը, որը նվիրված է Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով, որ 2025 թվականի ապրիլի 18-ին կատարված վավերացումը Հայաստանի կողմից իր հանձնառությունը վերահաստատելու հստակ նշան է՝ պաշտպանելու մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, հատկապես առողջապահության ոլորտում։

«Այս Կոնվենցիայի հիմքում մարդն է, եւ մենք օրենքի ընդունմամբ ամրագրեցինք, որ մարդու շահն ու բարեկեցությունը գերակա են հասարակության կամ գիտության շահից»,- նշել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ օրենսդիրները, կառավարությունը եւ Եվրոպայի խորհրդի գործընկերները միասին կաշխատեն ոլորտում առկա բացթողումներն ու մարտահրավերները հաղթահարելու, Կոնվենցիայի սկզբունքները լիարժեք ներդնելու եւ եվրոպական լավագույն փորձը ներդնելու համար՝ ի շահ Հայաստանի ժողովրդի։

Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության եւ շրջակա միջավայրի տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզը կարեւորել է Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը՝ որպես կարեւոր ձեռքբերում, որը հնարավոր է դարձել ՀՀ իշխանությունների եւ ինստիտուտների հստակ հանձնառության շնորհիվ։ Նա նաեւ ընդգծել է, որ Եվրոխորհրդի հետ համագործակցության հաջորդ փուլը կնպաստի այս արդյունավետ համագործակցության խորացմանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Կառավարության քաղաքականությունը եւ իրականացրած բարեփոխումները պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա նշել է, որ այս համաժողովը շրջադարձային քայլ է, եւ Օվիեդոյի կոնվենցիան դառնում է մեր օրենսդրական բարեփոխումների ոսկե չափորոշիչը։ Նախարարը մանրամասնել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը՝ որպես պացիենտների իրավունքների պաշտպանության հզոր գործիք։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Օվիեդոյի կոնվենցիան սահմանում է կիրառելի օրենսդրական շրջանակ եւ՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, եւ՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար։ Նա կարեւորել է նաեւ հոգեկան առողջության պաշտպանության ոլորտում ԵԽ չափորոշիչների ներդրումը եւ ընդգծել, որ պետք է քայլեր ձեռնարկել ներպետական օրենսդրությունն առավել կատարելագործելու եւ Կոնվենցիային կից լրացուցուցիչ արձանագրությունների ստորագրման ու վավերացման ուղղությամբ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է առողջապահական համակարգում առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ բժշկական գաղտնիքի պահպանման խնդրին ազատազրկված անձանց բժշկական զննությունների ընթացքում։ Նա նաեւ խոսել է բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում իրազեկված համաձայնության, վերարտադրողական առողջության ոլորտի էթիկական չափորոշիչների եւ այլ կարեւոր հարցերի մասին՝ ընդգծելով, որ կա հանձնառություն ոլորտային խնդիրների համակարգային եւ շուտափույթ լուծման համար։

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջեւ համագործակցության դերը, ինչպես նաեւ պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում ներպետական օրենսդրական շրջանակը։ Միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, Եվրոպայի խորհրդի եւ միջազգային գործընկերների ներկայացուցիչներ։

Յանա Գրիգորյան

Recent Posts

Ֆինլանդիայի ԱԳՆ գաղտնի հուշագրի արտահոսք. Բաքուն ԵՄ-ից պահանջում է Հարավային Կովկասի հարցում իր դիրքորոշումը վերանայել

Հելսինկի / Բաքու — Խմբագրությունը ձեռք է բերել Ֆինլանդիայի ԱԳՆ Եվրո-Ատլանտյան դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սարի…

3 օր ago

2010 թվականին՝ կալանքի տակ եղած ժամանակ, Փաշինյանի մոտ արձանագրվել է ՄԻԱՎ

«Civilnet.am»․ հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2010 թվականին, երբ վերջինս գտնվում էր…

3 շաբաթ ago

Ամերիկյան լրագրողներ. Փաշինյանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանում անհավատարիմ բիզնեսի դեմ

Ամերիկյան լրագրողները մանրամասն հետաքննություն են անցկացրել և եկել են եզրակացության, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

1 ամիս ago

«Made in Armenia» բրենդի կայացման ծրագիրը փաստացի չի իրականացվել

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նախատեսված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ աշխատանքները, որոնք պետք…

1 ամիս ago

ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է «արցախցիների» ստորաբաժանում, որը վերահսկում է արցախցիների շարժերը

Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեռեւս 2023 թվականին՝ Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է…

1 ամիս ago

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը։ Այս որոշումը, որը…

1 ամիս ago